Լ. Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթներից մեկում ազդարարեց, որ շուտով կլինեն աղմկոտպաշտոնանկություններ՝ որպես հետեւանք իշխանական բուրգում հակասությունների սրման ու ճաքերի գոյացման։ Դրանք իրենց երկար սպասել չտվեցին։
Ահա այդ պաշտոնանկությունները՝ շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններով։
Կարեն Կարապետյան - Նախագահի աշխատակազմի ղեկավար. Ռուսաստանում հայտնի մեծահարուստ «Կալուգայի Սամոյի» եղբոր պաշտոնանկությունը մեկնաբանվում է որպես «Լուժկովի գործի» շրջանակներում Մոսկվայից իջած պահանջ, մյուս կողմից՝ որպես Ռ. Քոչարյանի թիմի անդամի հեռացում։
Կարեն Կարապետյան - Երեւանի քաղաքապետ. սրա պաշտոնանկությունը, ընդհակառակը, մեկնաբանվել է որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, և դարձյալ՝ Ռ. Քոչարյանի թուլացման նպատակով։
Ալիկ Սարգսյան – ՀՀ ոստիկանապետ. մեկանբանվեց, թե դա արդյունք է Հովիկ Աբրահամյանի տանը դավադիր մի հավաքի (որին մասնակցել է նաև ոստիկանապետը) գաղտնի ձայնագրության, որ կատարել է Վովա Գասպարյանը և ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Այդ ծառայության համար էլ Վ. Գասպարյանը արժանացավ իր «զոհի» պաշտոնին։
Հովիկ Աբրահամյան –ԱԺ նախագահ. եթե իրական է վերոհիշյալ գաղտնի հավաքը ու դրա ձայնագրությունը, այն կարող էր հիմք լինել նաև այս պաշտոնանկության համար։ Հայտարարվեց, թե նրան ուղարկում են «ավելի պատասխանատու» պաշտոնի՝ գլխավորելու ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբը։
Միքայել Մինասյան – Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (Ս. Սարգսյանի հարազատ փեսան). պաշտոնապես հայտարարվեց, թե սա էլ նշանակվում է նույն՝ ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Մեկնաբանվեց, թե Ս. Սարգսյանը հարազատ փեսային ուղարկում է վերահսկելու Հ. Աբրահամյանին։ Ոմանք էլ դա մեկնաբանեցին որպես ռուսական պահանջի կատարում (Մ. Մինասյանն իր շուրջ հավաքված ՄԻԱԿ-ական ջահելներով հայտնի է որպես ամերիկյան ազդեցության ոլորտ)։
Որքան էլ իշխանական լրատվամիջոցները՝ բացահայտ, իսկ «չեզոք» համարվողները՝ քողարկված մեկնաբանություններ անեն հօգուտ Ս. Սագսյանի, իրականությունը հետեւյալն է.
1. Այս ամենում Ռ. Քոչարյանի անվան հիշատակումը ոչ մի հիմք չունի։ Վերջինս, իրոք, քաղաքական ասպարեզում վաղուց մարած խաղաքարտ է, և դա տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բացահայտումների ու աշխատանքի շնորհիվ։ Միայն Հաագայի դատարան ուղարկված 400 էջանոց քրեական գործը՝ «մարդկության դեմ հանցագործության» ծանրագույն մեղադրանքով ու հարյուր հազարավոր ստորագրություններով, բավարար է նրան ընդհանրապես որպես քաղաքական գործոն մոռանալու համար։ Նրա անվան հիշատակումները ցանկացած կոնտեքստում հասարակական հոգեբանության վրա հօգուտ Ս. Սարգսյանիազդելու նպատակ ունեն՝ որպես ամենամեծ չարիքի դեմ պայքարողի։
2. «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից մեկը, Հայաստանի ավազակապետական բուրգը երկբեւեռ (Քոչարյան և Ս.Սարգսյան) բնորոշելուց հետո՝ նաև ավելացնում է, թե ի դեմս Հ. Աբրահամյանի՝ սկսել է ձեւավորվել նաև 3-րդ ինքնուրույն բեւեռը՝ նկատի ունենալով վերջինիս ազդեցությունն ու աճող հարստությունը։ Ավազակապետական բուրգը չի կարող անգամ երկբեւեռ լինել, ուր մնաց՝ երեք բեւեռով։ Ինքնուրույթ բեւեռ՝ նշանակում է ինքնուրույն «խաղ»։ «Ինքնուրույն խաղ»՝ նշանակում է իշխանական մոնոլիտի մեջ ճեղքի գոյացում՝ մահացու վտանգ ավազակապետության պարագլխի համար։ Ս. Սարգսյանը պարզապես պատժեց Հ. Աբրահամյանին՝ «ինքնուրույն խաղեր» տալու համար։
3. Վաղուց հայտնի է, որ ներիշխանական հակասություններից են Միքայել Մինասյանի և վարչապետ Տ. Սարգսյանի հակասությունները։ Չնայած աներոջ բազմաթիվ հորդորներին ու պահանջներին՝ «առաջին փեսա» Մ. Մինասյանը շարունակել է «ինքնուրույն խաղեր տալ»։ Ու քանի որ դա, ինչպես ասացինք, ամենավտանգավորն է ավազակապետության համար, Ս. Սարգսյանը չխնայեց անգամ հարազատ փեսային և աքսորեց նույն տեղը՝ գոյություն չունեցող ՀՀԿ նախընտրական շտաբ։ Սակայն վերջինիս համար դա էլ դաս չեղավ. վերջերս Մ. Մինասյանի վերահսկողության տակ գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության կայքէջում (բնականաբար՝ նրա թելադրանքով) հայտնվեց և արագ տարածվեց Թաթայի համերգի ժամանակ Տ. Սարգսյանի մի ելույթը խայտառակ հարբած վիճակում («Պեպոյի» Կակուլին կասեր՝ «մալադե՛ց փեսա»)։
4. Իր գլխավորած իշխանական համակարգի ամրության նկատմամբ անվստահության ամենաբնորոշ արտահայտություններից մեկն այն է, որ Ս. Սարգսյանը տարեկան երկու անգամ հավատարմության հավաստագիր է ուզում «Բարգավաճ Հայաստանից»։ Վերջինիս ղեկավարն էլ (ըստ տեղեկությունների) արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ինքը երբեք «Արթուրիկ» կամ «ԱԽՔ» չի դառնա։ Եւ իրոք. իրեն գեթ մի քիչ հարգող որեւէ մեկը հազիվ թե ցանկանա արժանանալ նման խարանի։
5. Որ իշխանության ներսում Ս. Սարգսյանն ամբողջական վերահսկողություն չունի՝ վկայում է նաև հետեւյալ փաստը. անկախ այն բանից, թե որքանով անկեղծ՝ վերջերս նա հայտարարեց, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»։ Եւ, ահա, նրա պատգամավորներից մեկն ասում է, թե համաձայն է, մյուսը՝ թե համաձայն է մասնակի, դա պետք է արվի աստիճանաբար, մեկն էլ ուղղակի հակադրվում է՝ «գործարարը պետք է լինի խորհրդարանում»։
6. Ոմանք Ս. Սարգսյանի կատարած այս պաշտոնանկությունները որպես նրա կողմից ուժի, վճռականության, ինքնավստահության ցուցադրում են ներկայացնում։ Այդ դեպքում ստացվում է, որ նա սեփական թիմին փորձում է միասնական, հնազանդ պահել ճիպոտո՞վ։ Իրականությունն այլ է։ Բացի երկու Կարեն Կարապետյաններից, մյուսներին նա «գործ տվեց». ոստիկանապետը դարձավ Ս. Սարգսյանի խորհրդական (այսինքն՝ ուղարկվեց պատվավոր թոշակի), ԱԺ նախագահը՝ ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ (պատվավոր աքսոր), իսկ Մ. Մինասյանը՝ վերջինիս տեղակալ։ Եւ դա միայն մի բանի համար՝ որպեսզի հնարավորինս քողարկի իշխանական բուրգում առաջացած ճեղքերը։
Այս ամենը իշխանական բուրգի խարխլման, նրա ներսում խոր և անկառավարելի դարձող հակասությունների, ցնցումների ապացույց է։ Իսկ այդ ցնցումները համաժողովրդական շարժման գոյության եւ հարվածների արդյունք են։ Այնպես որ՝ սպասենք նոր պաշտոնանկությունների եւ հրաժարականների ու չկասկածենք, որ համաժողովրդական շարժումը հասնելու է Ս. Սարգսյանի հրաժարականին կամ պաշտոնանկությանը։
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011
Комментариев нет:
Отправить комментарий