Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում էական փոփոխություն է կրել: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքում, հենց այս հարթակից Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության ներսում խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց: Այդ օրը մենք Երեւանի փողոցներով երթ անցկացրինք «Ալիկ խուլիգան» վանկարկումներով: Եւ դրանից ընդամենը չորս օր հետո խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ասում եմ խայտառակ կերպով, որովհետեւ նա իր պաշտոնանկության մասին իմացել էր լրագրողներից:
Ու սա այն մարդն է, որ բանտերը նետեց ընդդիմության տասնյակ ակտիվիստների` Սամսոն Խաչատրյանին, Վարդգես Գասպարիին, Դավիթ Քիրամիջյանին, Վահագն Գեւորգյանին Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, լրագրող Անի Գեւորգյանին: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր էլ գտնվում է անազատության մեջ:
Ալիկ Սարգսյանը հույս ուներ, թե իր հանցագործ ղեկավար Սերժիկ Սարգսյանին այս պիղծ ծառայությունները մատուցելով նրա երախտիքին է արժանանալու, մինչդեռ ընդամենը արժանացավ նրան, ինչին արժանի էր իրականում, օգտագործվեց եւ դեն շպրտվեց, չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք:
Ու սա այն մարդն էր, որ երեքուկես տարի ամենալկտի վայրահաչոցներով հարձակումներ է գործել ընդդիմադիրների եւ քաղաքացիական ակտիվիստների վրա, հոխորտալով, թե Հայաստանում թույլ չի տալու ղրղզական տարբերակով զարգացումներ: Քո ղեկավարն իսկ քեզ ղըրղզեց, ա´յ թշվառական, բայց նույնիսկ հիմա չկասկածես, որ քո ղեկավարին էլ են ղըրղզելու, քո ղեկավարին էլ են ղրղզելու, եւ դա անելու է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որ զզվել է ձեր անբարո կառավարումից, ձեր բութ ու շատակեր մռութներից, ձեր մարտնչող ու ինքնահավան տգիտությունից:
Բա վարչապետ կոչվա~ծը, բա վարչապետ կոչվա~ծը. դուք տեսա՞ք այդ խեղկատակին: Լափել էր ու լակել, եւ ապուշ ժպիտով հայտնվել սեփական ժողովրդի առաջ` նրան շնորհավորելու ինչ-որ մտացածին տոնի կըպըկցո´ւթյամբ:
Ով կարող է ժխտել, ո՞վ կարող է ժխտել. սերժանտական հանցագործ իշխանությունը հաջողություններ ունի, ակնհայտ հաջողություններ` հիմարության ոլոլորտում, տգիտության ոլոլորտում,արտագաղթի ոլոլորտում, կոռուպցիայի ոլոլորտում, երկիրը խայտառակելու ոլոլորտում,ապօրինության ոլոլորտում, մարդկանց թալանելու եւ հուսահատության հասցնելու ոլոլորտում եւ այս ոլոլորտներում նրանց ունեցած հաջողություններն են, որ Հայաստանի Հանրապետության մի սովորական քաղաքացու, չորս երեխաների հորը, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Վաչագան Իսոյանին ստիպել են որպես բողոքի նշան իր «Գազ-2410» ավտոմեքենան քշել նախագահական նստավայրի վրա: Ու փոխանակ այս մարդուց ներողություն խնդրեն նրան հուսահատության հասցնելու, երազանքները խաթարելու, ապագայից ու հույսից զրկելու համար, բանտարկել են նրան, հետապնդում եւ ահաբեկում են նրա ողջ ցեղը, ազգուտակին, հարազատներին: Դա անում են ոչ թե նրանց, այլ նրանց օրինակով ուրիշներին, մեզ բոլորիս վախեցնելու համար: Բայց մեզ չեք վախեցնի, մեզ չեք կանգնեցնի: Մի տնից չենք, մի հալի ենք: Մենք բոլորս Վաչագան Իսոյաններ ենք եւ մենք գալու ենք ձեր ետեւից, բոլորով ենք գալու, միասին ենք գալու եւ այս սցենարը կանխելու մի եղանակ ունեք միայն, մի եղանակ. խելք ունեցիր, ուղեղ ունեցիր` հեռացիր եւ հետդ հեռացրու քո քաղաքական պապա Ռոբիկին, որովհետեւ եթե չգնացիք, ժողովուրդը գալու է ձեր հետեւից: Ձեր տասնամյա չակերտավոր հաջողությունները թող չշփոթեցնեն ձեզ: 2008-ին էլ չէիք հավատում, հիմա էլ չեք հավատում, բայց ես վստահ եմ, գիտեմ եւ համոզված եմ. ժողովուրդը գալու է ձեր հետեւից, ու այն ժամանակ մկան ծակին տասը շահի եք տալու, բայց չեք գտնելու, որովհետեւ Մուկը փակած է լինելու բոլոր ծակերը, ձեր նահանջի բոլոր ծակերը:
Սերժիկ-հեռացիր:
Ի դեպ, Մկան մասին: Մեր նախորդ հանրահավաքից հինգ օր հետո իր հրաժարականի մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նման պաշտոնանկության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի վստահել իր շտաբի երբեմնի պետին, եւ կասկածներ է ունեցել, թե նա Քոչարյանի հետ դավադրություն է պատրաստում իր իշխանության դեմ: Սերժ Սարգսյանը սկսել է չվստահել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, եւ պաշտոնանկ է արել հարազատ փեսային` Միքայել Մինասյանին, որ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իրականում նախագահական նստավայրի ստվերային կարդինալ:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Սերժ Սարգսյանը կատարյալ պարանոյայի մեջ է, եւ սրանում զարմանալի ոչինչ չկա: Ժողովրդական առածն ասում է` գող, սիրտը դող: Եթե դողում է նույնիսկ հարեւանից մի ձու գողացած մարդու սիրտը, պատկերացրեք, թե ինչ վիճակում կլինի մի ամբողջ ժողովրդի ձայնը, մի ամբողջ ժողովրդի իշխանությունը, մի ամբողջ ժողովրդի հույսերն ու ապագան գողացած հանցագործը:
Դողէրոցքի պակաս ուժգին նոպայի մեջ չէ մեկ այլ իշխանագող ու հանցագործ, Ռոբիկ կոչվածը: Նա էլ հասկանում է, որ Սերժ Սարգսյանը օր օրի վեր է ածվում իր նման քաղաքական դիակի եւ խառնվել է, մտածելով, թե ինչ է լինելու դրանից հետո, ինչ է լինելու իր գողացած միլիարդավոր դոլարների հետ, ով եւ ինչպես է տալու իր թափած արյան պատասխանը: Եւ հիմա հոլովակներ ու սյուժեներ են պատրաստում, թե իբր Հայաստանի ժողովուրդը պահանջում է, որ նա` Հայաստանին հոկտեմբերի 27 եւ Մարտի մեկ նվիրած այդ հանցագործը վերադառնա քաղաքականություն, վերադառնա իշխանության:
Սրանք բոլորովին թռցրել են խելքները. նույնիսկ եթե մտածում են, նույնիսկ եթե մտածում են, որ մեր ժողովուրդը 5 հազար, կամ 20 հազար դրամով կարող է ծախել սեփական ձայնը, սեփական քվեն, բայց այդ ո՞նց կարող են մտածել, թե մեր ժողովուրդը 5 հազար, կամ 10 հազար, կամ 20 հազար կամ որեւէ դրամով կարող է ծախել Կարեն Դեմիրճյանի արյունը, Վազգեն Սարգսյանի արյունը, Պողոս Պողոսյանի արյունը, Գոռ Քլոյանի արյունը, Տիգրան Խաչատրյանի արյունը, Դավիթ Պետրոսյանի արյունը, Սամվել Հարությունյանի արյունը, Գրիգոր Գեւորգյանի արյունը, Արմեն Ֆարմանյանի արյունը, Տիգրան Աբգարյանի արյունը, Հովհաննես Հովհաննիսյանի արյունը, Համլետ Թադեւոսյանի արյունը, Զաքար Հովհաննիսյանի արյունը: Մեր ժողովուրդը սոցիալական բեռի տակ ճկռած, հուսահատ ու գլխիկոր շատ սխալներ կարող է գործել, շատ գայթակղությունների կարող է տրվել, բայց արյունապիղծ չի դառնա երբեք: Բայց արյունապիղծ չի դառնա երբեք:
Խելքներդ գլուխներդ հավաքեք պարոնայք ռոբիկականներ. սա Երեւանն է, Հայաստանի Հանրապետությանը մայրաքաղաքը, սա Դաշքեսանը չէ, ու ոչ էլ առավելեւս Կիրովաբադը կամ Ղուբաթլին:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Մեր երկիրը իսկապես չափազանց բարդ տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական վիճակում է: Սա նշանակում է, որ բարդ վիճակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության ապագան: Այս վիճակը հաղթահարելը մեզ համար ցանկություն չէ այլեւս, ոչ էլ քմհահաճույք: Մենք պարտք ունենք եւ պարտավորություն, եւ այդ պարտավորությունը մեզանից պահանջում է մտքի, ոգու, կամքի եւ սիրո աննախադեպ կենտրոնացում: Ոչ մի հուսահատություն, ոչ մի խռովկանություն, ոչ մի փնթփնթոց, ոչ մի անձնական ամբիցիա: Ոչ մի կասկած, ոչ մի երկմտություն: Այլ նվիրում, նվիրում, միայն նվիրում: Ծառայություն, ծառայություն միայն ծառայություն: Ապագային, Հայաստանին, Սահմանադրությանը, Ժողովրդին:
Комментариев нет:
Отправить комментарий