English Russian German French Spain Italian

5 дек. 2011 г.

Երկու հարցի պատասխան



ՀՀՇ 16-րդ համագումարից մնացած առեղծվածը
2010թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարին նախորդող շրջանում ակնհայտորեն ինչ-որ ներկուսակցական առեղծվածային խնդիր ու լարում կար, ինչն ակտիվորեն քննարկվում էր, եւ դրա մասին զանազան ենթադրություններ էին արվում այդ ժամանակվա մամուլում։ Ներսում կատարվածի արտաքին դրսեւորումները երկուսն էին. նախ՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խ. Քոքոբելյանի, ապա, մի քանի օր անց՝ նաեւ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականները համագումարից անմիջապես առաջ։ Շատերն էին սպասում, որ համագումարում ինչ-որ բան «կպայթի», սակայն վերջինս ընթացավ սովորական հունով։


Ներքին այդ խնդրի մասին համագումարում խոսեց միայն  Լեւոն Տեր-Պետրոսյանը` շատ կարճ. «Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ... Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել»։


Ակնհայտորեն խոսքը վերաբերում էր իշխանության եւ «արտաքին ուժի» համատեղ մի ծրագրի։ Ինչպես այդ օրը, նաեւ հետագայում, ի հեճուկս լրագրողների բոլոր ջանքերի, երկու հարց մնաց անպատասխան.


1. Ի՞նչ «արտաքին ուժերի» մասին էր խոսքը։


2. ՀՀՇ-ի ներսում ովքե՞ր են իշխանության համար «ազդեցություն գործելու» լծակներ ծառայել։


Առաջին հարցի պատասխանը
ԱՄՆ դեսպանատան գաղտնազերծված զեկուցագրերը Կոնգրեսի ներսում ունեցած իրենց «կոնտակտների» ու նրանց գործունեության մասին, ըստ էության, արդեն ուրվագծում են առաջին հարցի պատասխանը։ Նրանցից մեկը՝ Խ. Քոքոբելյանը, որպես դեսպանատան «կոնտակտ», հիշատակվում է անվանապես, մյուսների մասին գրվում է անորոշ՝ «Կոնգրեսի ներսի մեր կոնտակտները»։  «Վիկիլիքսյան» այս բացահայտումների ետնախորքում, ահա, վերջին մեկուկես տարվա մի քանի իրողություններ ձեւավորում են հարցի ամբողջական սպառիչ պատասխանը։


Ըստ մեր հայթայթած տեղեկությունների՝ Խ. Քոքոբելյանը եւ Ա. Զուրաբյանը միշտ են սերտ կապեր ունեցել ԱՄՆ դեսպանատան հետ։ Որպես կուսակցության ղեկավարներ՝ դա նորմալ է, եւ բնականաբար` այլ է եղել այդ կապերի բնույթը։ Բայց 2010-ի ամռանը կայացած վերջին համագումարից առաջ զրկվելով իրենց պաշտոններից, իսկ համագումարից հետո ամբողջությամբ դադարեցնելով կուսակցական կյանքին իրենց ներգրավվածությունը՝ նրանք շարունակել են սերտ կապեր պահպանել ԱՄՆ դեսպանության եւ դեսպան Յովանովիչի հետ։ Մի քանի ամիս առաջ շատերին զարմացրեց այն փաստը, որ Խ. Քոքոբելյանի հայտարարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ պաշտոնապես չստեղծված՝ ԱՄՆ հեռացող դեսպան Մ. Յովանովիչը, իր մեկնելուց առաջ, վերջին պահին «պատիվ արեց» այցելել նրա գրասենյակ՝ դրան կշիռ տալու համար, իրականում՝ ընդգծելով այդ կապը։ Իսկ մինչ այդ, այս տարվա ապրիլի վերջին էլ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Քայդենաուն էր «Երեւան պանդոկում», (աչքից հեռու) մասնավոր հանդիպում եւ տեւական զրույց ունեցել Խ. Քոքոբելյանի եւ Ա. Արզումանյանի հետ (այդ մասին գրեց «1-ին լրատվականը»)։


Այսպիսով, պարզվում է, որ 2010թ. առաջին կեսին արտաքին այն ուժը, որը Հայաստանի իշխանության հետ համատեղ փորձ է արել ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, եղել է ԱՄՆ դեսպանատունը։


Երկրորդ հարցի պատասխանը
Մեզ հաջողվեց պարզել, որ 2010թ. հունիսյան ՀՀՇ համագումարից առաջ նախ՝ Խ. Քոքոբելյանի, ապա Ա. Զուրաբյանի հրաժարականները եղել են պարտադրված։ Երկու դեպքում էլ առկա են եղել վարչության անդամների մեծամասնության ստորագրությունները՝ նրանց անվստահություն հայտնելու վերաբերյալ, եւ այդ վտանգի հանդիման` իրենք են ստիպված եղել ինքնակամ հրաժարական տալ։ Վարչությունը ընդունել է հրաժարականները՝ մարդասիրաբար չբացահայտելով դրանց հիմքերն ու շարժառիթները։ Այնուհետեւ՝ նույն համագումարից հետո պարզ դարձավ, որ նախկին վարչությունից եւս մի 5-6 հոգի, որոնք ավանդաբար միշտ ընտրվում էին վարչության կազմում (Մ. Այվազյան, Հ. Ղազարյան եւ այլք), չէին առաջադրել իրենց թեկնածությունները, անգամ չէին մասնակցել համագումարին։ Հենց այդ անունները թվարկեց Խ. Քոքոբելյանը, երբ առաջին անգամ տեղեկատվություն տարածեց «Ազատ դեմոկրատների» ստեղծման մասին՝ դրանց ավելացնելով նաեւ Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի անունները։ Այդ ժամանակ նրանցից որեւէ մեկը ոչ այն է՝ հերքեց, ոչ այն է՝ հաստատեց դա։ Քիչ անց Ա. Զուրաբյանը դիմում գրեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին։ Էլի մի քիչ հետո՝ հայտարարվեց, որ մտել է «Ազատ դեմոկրատներ»։ Քիչ անց նույն բանն արեց նաեւ Ալեքսանդր Արզումանյանը (Կ. Ռուբինյանը դեռ այդ քայլը չի արել)։ Այսպիսով, կարծես թե լուծվում է նաեւ այն առեղծվածը, թե մասնավորապես ո՞ւմ միջոցով է (6-7 հոգի) իշխանությունը փորձ արել «ազդեցություն գործել կուսակցության ներսում եւ ճեղքվածք առաջացնել ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի միջեւ»։


Առեղծվածի վերջին օղակը
Այս պատմության մեջ բաց է մնում եւս մի օղակ. ի՞նչ էր տեղի ունեցել 2010թ. հունիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարին նախորդող շրջանում, կամ՝ ինչպես էր բացահայտվել դավադիր ծրագիրը։ Ակնհայտորեն ՀՀՇ-ն պառակտելու եւ Կոնգրեսը քանդելու այդ ծրագրի բացահայտումը կարող էր լինել այն ծանրակշիռ պատճառը, որ հանգեցրեց Խ. Քոքոբելյանի եւ Ա. Զուրաբյանի պարտադրված հրաժարականներին։ Այստեղ մեզ հաջողվեց պարզել մի քանի դրամատիկ մանրամասներ։ 2010-ի ապրիլ ամսին Ջերմուկում տեղի էր ունեցել եռօրյա հերթական սեմինար՝ ՀՀՇ ղեկավար մարմինների անդամների (մոտ 70 հոգի) մասնակցությամբ։ Սեմինարը նվիրված է եղել լիբերալիզմի տեսական ինչ-որ «անշառ» խնդիրների։ Հիմնական զեկուցման ավարտից հետո, երբ պետք է սկսվեր քննարկումը, սեմինարը վարող Ա. Արզումանյանը փորձ է արել քննարկումը տեղափոխել թեմայի հետ կապ չունեցող այլ հարթություն՝ առաջարկելով, ըստ էության, քննարկել ՀՀՇ-ի «անկախության»,  Կոնգրեսի մեջ մնալ-չմնալու նպատակահարմարության հարցը։ Դա անմիջապես սուր հակազդեցության է արժանացել ներկաների կողմից, այնքան սուր, որ այլեւս սեմինարը հնարավոր չի եղել շարունակել ինչպես այդ, այնպես էլ` հաջորդ օրը։ Նախաձեռնողները, մասնավորապես Ա. Զուրաբյանը, այդ ընթացքում փորձել են մարդկանց հետ «խոսել» առանձին-առանձին՝ «եթե դրվի Կոնգրե՞ս, թե՞ ՀՀՇ հարցը՝ ո՞րը կընտրես», «եթե դրվի Ա. Զուրաբյա՞ն, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՞ւմ կնախընտրես» հարցադրումներով։ Բոլորի կողմից տրված միանշանակ ու կոշտ պատասխաններից զայրացած՝ Ա. Զուրաբյանը միջանցքներում հայհոյանքների ու վիրավորական արտահայտությունների տարափ է տեղացել իրեն մերժած կուսակիցների հասցեին։


Ահա, այս միջադեպից հետո նաեւ հայտնի է դարձել, որ մինչ այդ, նույն 2010 թ. սկզբից, Խ. Քոքոբելյանը Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների եւ Կենտրոնական գրասենյակի որոշ անդամների առաջարկել է «մտերմիկ քաղաքական զրույցներ», որոնցում քննարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «տարիքով լինելու», «նոր լիդերի անհրաժեշտության» հարցերը՝ իմիջիայլոց ակնարկելով Տեր-Պետրոսյանին «ամերիկացիների դեմ լինելու» հանգամանքը եւ այլն՝ խնդրելով, որ դա «իրենց մեջ մնա»։


Երկու փաստ՝ առանց մեկնաբանման
1. 2009թ. մայիսին Երեւանի քաղաքապետական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ դրա արդյունքները բողոքարկել դատական կարգով միայն մեկ պատճառով՝ Կոնգրեսի մաս կազմող Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հրաժարվեց դիմումի տակ դնել իր կուսակցության կնիքը։ Դ. Հակոբյանը նաեւ միակն էր Կոնգրեսի ցուցակից, որ չմիացավ Երեւանի ավագանու աշխատանքների բոյկոտին եւ միակը, որ հեռացավ Կոնգրեսից։ Վերջինս Խ. Քոքոբելյանի խնամին է։


2. Սույն հոդվածի առաջին մասում, բնականաբար, մենք չենք ընդգրկել այս թեմայով «Վիկիլիքսի» տրամադրած ամբողջ նյութը։ Այսպես՝ հրապարակած փաստաթղթերից մեկում կա նաեւ մի եզակի վկայություն, թե ԱՄՆ դեսպանատան՝ «Կոնգրեսի ներսում ծանրակշիռ դիրք ունեցող» «կոնտակտներից», իսկ ավելի ճիշտ՝ գործակալներից մեկը ինչ տարօրինակ ճանապարհով է ազատ արձակվել բանտից։ Այդ եւ մյուս խիստ հետաքրքիր փաստերը մենք կհրապարակենք՝ սույն հրապարակման արձագանքը տեսնելուց հետո։


Եվ երկու տխուր եզրահանգում
1. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է իշխանության (Հայաստանի) եւ ԱՄՆ դեսպանատան նպատակների ու ջանքերի խաչասերումից՝ 2010թ. առաջին կեսին Հայ ազգային կոնգրեսի դեմ ձախողված համատեղ ծրագրի նպատակներն ինչ-որ չափով փոխհատուցելու համար։


2. Պատմում են, որ 2010թ. ձմռանը Սերժ Սարգսյանը մոտիկ շրջապատում հայտարարում էր, որ «Կոնգրեսը շուտով պայթելու» է, կամ որ` շուտով «ՀՀՇ-ն կլինի իր գրպանում»։ Կոնգրեսի փլուզվելու մասին նույն տեղեկատվությունը ԱՄՆ դեսպանատանը նույն շրջանում տվել են նաեւ Խ. Քոքոբելյանը եւ մյուս «կոնտակտները»։ Այն, որ իշխանությունը մշտապես պետք է փորձեր  աներ պառակտելու իրեն սպառնացող հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը` բնական է։ Դա միշտ է եղել նրա ձեռագիրը։ Ափսոս, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին այդքան «մոտիկից» մասնակցել է ԱՄՆ դեսպանատունը։


Ս. Գալստյան


ՀԺ -


Դեկտեմբեր 3, 2011

Комментариев нет:

Отправить комментарий