English Russian German French Spain Italian

30 нояб. 2011 г.

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2011 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ (Video)






Սիրելի հայրենակիցներ,
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։ Ոչ ոք, իհարկե, լուրջ չի կարող ընդունել այն, թե այդ պաշտոնանկություններն ու քրեական հետապնդումները տեղի են ունենում խնդրո առարկա անձանց վատ աշխատանքի կամ նրանց կողմից թույլ տրված օրինազանցությունների պատճառով, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ նրանք պատժվում են կա՛մ սեփական խաղեր տալու, կա՛մ էլ գողական աշխարհի կանոնները խախտելու, այն է՝ վերադասին բաժին չհատկացնելու կամ «օբշագից» իրենց իրական եկամուտները թաքցնելու պատճառով։ Հարկ է ավելացնել նաեւ, որ ռեժիմի պարագլուխների համար պետական պաշտոնյաների աշխատանքի գնահատման մյուս կարեւոր չափանիշն էլ ոչ թե նրանց բուն պարտականությունների կատարումն է, այլ ընդդիմության դեմ անօրինական պայքարում նրանց ունեցած վաստակը եւ ընտրությունների կեղծման գործում նրանց առավելագույն օգտակարությունը։ Քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից տրվել են նշված պաշտոնանկությունների պատճառներին վերաբերող զանազան հիմնավոր կամ անհիմն մեկնաբանություններ, որոնք ավելորդ եմ համարում մեջբերել, գերադասելով հարցին անդրադառնալ բոլորովին մի այլ, առաջին հայացքից վերացական կամ ակադեմիական թվացող տեսանկյունից։ Ինձ հետաքրքրողը ոչ այնքան երեւույթի մակերեսային դրսեւորումներն են, այսինքն պաշտոնանկությունների սկանդալային բնույթը կամ ներիշխանական ցնցումների արտահայտությունը լինելու հանգամանքը, որքան շատ ավելի խորքային ու մտահոգիչ մի իրողություն, որը պետական ինստիտուտների լիակատար խաթարման անհերքելի ապացույց է։

Այս առումով ես մի կողմ եմ դնում գործադիր իշխանության համակարգում եւ պետական հիմնարկությունների աշխատակազմերում տեղի ունեցած պաշտոնանկությունները, որոնք քիչ թե շատ բնականոն երեւույթ են, եւ ուզում եմ առանձնակի ուշադրություն հրավիրել ընտրովի մարմինների ղեկավարների՝ Ազգային Ժողովի նախագահի եւ Երեւանի քաղաքապետի հրաժարականների արտառոց փաստի վրա։ Վերջին երեք տարիների ընթացքում փոխվել է Ազգային Ժողովի երեք նախագահ, իսկ երկու տարվա ընթացքում՝ Երեւանի երեք քաղաքապետ։ Եթե սրան գումարենք նաեւ տարիներ առաջ Ազգային Ժողովի մի այլ նախագահի անսպասելի հրաժարականը, ապա կարծում եմ, փաստի արտառոցությունն ավելի ցցուն կդառնա։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարականները եղել են ոչ թե ինքնակամ, այլ հարկադրական, այն էլ՝ ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ բացառապես ուրիշ նկատառումներով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաեւ, որ հարկադրանքը բխել է երկրի գործող նախագահից։ Իսկ դա վկայում է, որ թե՛ Ազգային Ժողովի, եւ թե՛ Երեւանի ավագանու ղեկավարները ոչ թե ընտրվել, այլ նշանակվել են, որովհետեւ եթե իրոք ընտրված լինեին, ոչ մի նախագահ նրանց չէր կարող սեփական հայեցողությամբ պաշտոնանկ անել։ Փաստորեն վերջիններս վերածվել են խրտվիլակների, որոնց երկրի նախագահը կարող է ցանկացած պահի փողոց շպրտել։ Ինստիտուցիոնալ տեսակետից այս իրողությունն աղետալի է մանավանդ Ազգային Ժողովի պարագայում, որն, ըստ էության, 1999 թվականից սկսած, դադարել է կատարել անկախ օրենսդրական մարմնի եւ գործադիր իշխանության հակակշռի իր հիմնական դերը, վերածվելով հանրապետության նախագահի կցորդի ու հլուհնազանդ կամակատարի։ Եթե կուզեք, սա է, թերեւս, մեր պետության ամենագլխավոր համակարգային արատը, որի ուղղակի հետեւանքն են թե՛ երկրում մոլեգնող համատարած կոռուպցիան, թե՛ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բացահայտ սահմանափակումները, եւ թե՛ իշխանական գրեթե բոլոր կառույցների սանձարձակություններն ու կամայականությունները։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ խորհրդարանն անկախ օրենսդրական մարմնի եւ գործադիր իշխանության իրական հակակշռի դեր կատարել է միայն 1990-1998 թվականներին, եւ կարճ ժամանակով՝ 1999-ին։ Բավական է հիշել, թե 1990-ական թվականներին ինչ բուռն եւ բովանդակալից քաղաքական քննարկումներ էին ընթանում խորհրդարանում եւ ինչպիսի դժվարությամբ էին ընդունվում կառավարության ներկայացրած օրենքները, իսկ երբեմն հաղթահարվում էր նույնիսկ Հանրապետության նախագահի վետոն։ Եւ բոլորովին պատահական չէ, որ հենց այդ ժամանակահատվածում է, որ խորհրդարանն ունեցել է հիրավի ընտրված, եւ ոչ թե որեւէ մեկի կողմից նշանակված նախագահներ՝ հանձինս ինձ, Բաբկեն Արարքցյանի եւ Կարեն Դեմիրճյանի։ Կարծում եմ, չեք մոռացել, որ ես, Վլադիմիր Մովսիսյանի հետ մրցակցության արդյունքում, Գերագույն Խորհրդի նախագահ եմ ընտրվել չորս փուլից, իսկ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանի հետ մրցակցության արդյունքում, հինգ-վեց փուլից հետո։ Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանին, ապա նա միահամուռ կերպով ընտրվել է Ազգային Ժողովում «Միասնություն» դաշինքի ունեցած բացարձակ մեծամասնության շնորհիվ։ Բաբկեն Արարքցյանը նաեւ խորհրդարանի միակ նախագահն է, որն իր պաշտոնից հրաժարվել է ինքնակամ, այն էլ՝ զուտ քաղաքական դրդապատճառով, չցանկանալով մասնակիցը դառնալ ձեւավորվող ավտորիտար ռեժիմի կամ, իր խոսքերով ասած, չուզենալով վերածվել վերջինիս վարձու աշխատողի։

Պետականության ինստիտուցիոնալ արատները վերհանելուց բացի, ընթացիկ կադրային փոփոխությունների կամ սկանդալային պաշտոնանկությունների շարքը բացահայտում է նաեւ մի նշանակալից քաղաքական իրողություն։ Թեեւ, ինչպես նշվեց, միտված լինելով ռեժիմի ամրապնդմանը, հախուռն պաշտոնանկություններն իրականում ոչ թե ուժեղացնում, այլ ընդհակառակը, թուլացնում են այն՝ ակամայից նպաստելով դժգոհ տարրերի կամ «օբիժնիկների» բանակի ստվարացմանը, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել հետագա քաղաքական զարգացումների վրա։ Հետեւաբար, իշխանական բուրգի ինքնահոշոտումը ոչ թե նրա հզորության, այլ հագեվարքի նշանն է՝ համաձայն Ալեքսիս Թոքվիլի այն բնորոշման, որ «Վատ իշխանության համար ամենավտանգավորն այն պահն է, երբ նա սկսում է բարեփոխել ինքնիրեն»։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլ չլիներ եւ ավելի թուլանալու վտանգ չզգար, նա բոլորովին կարիք չէր ունենա ընտրությունների նախօրյակին այսպիսի ցնցումների գնալու։ Ժամանակին, փլուզման դատապարտված ռեժիմի փրկության նպատակով, նման ջղաձգումների եւ կադրային փոփոխությունների տենդի մեջ էր ընկել նաեւ Միխայիլ Գորբաչովը, ինչից, սակայն, նա ոչ միայն նոր բարեկամներ չշահեց, այլեւ թշնամացրեց հին բարեկամներից շատերին, քայլ առ քայլ ոչնչացնելով սեփական իշխանության հենարանը։ Իսկ թե ինչով ավարտվեց այդ ամենը, հայտնի է բոլորին։ Ամենեւին չեմ կասկածում, որ նույն վախճանն է սպասում նաեւ Սերժ Սարգսյանին ու նրա հանցագործ ռեժիմին։ Եւս մեկ դիտարկում. նախորդ ելույթներիցս մեկում ես ասացի, որ պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ իրոք շարունակվեցին։ Հիմա նորից եմ կրկնում՝ չեն դադարելու։

* * *
Ավազակապետական բուրգի թուլացման կամ քայքայման մյուս, թերեւս, ավելի նշանակալից ախտանիշն իշխող կոալիցիայի ներսում ծագած լուրջ տարաձայնություներն են, մասնավորապես Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի բացահայտ հակասությունները։ Մենք վաղուց կանխատեսել եւ բազմիցս պնդել ենք, որ իշխանական մոնոլիտը, ինչպես ցանկացած հանցագործ կառույց, վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչն այսօր, կարծես թե, իրականություն է դառնում։ Խորացման պարագայում, նշված հակասություններն սպառնում են խարխլել ռեժիմի հիմքերը եւ երկրում բոլորովին նոր իրավիճակ ստեղծել՝ արմատապես փոխելով քաղաքական ուժերի դասավորությունը եւ հող նախապատրաստելով ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար։ Իջեւանի քաղաքապետի ընտրությունը, որը մեծ ցնցում ու տագնապ է առաջացրել Հանրապետականների ճամբարում, կարելի է համարել այդ գործընթացի խորացման առաջին նշաններից մեկը։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե իբր Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցության, Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի տեղի կառույցներն աջակցել են Բարգավաճ Հայաստանի թեկնածուին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Կոնգրեսի ղեկավար մարմիններն այդ ընտրությունների հետ կապված որեւէ որոշում չեն կայացրել։ Իսկ եթե տարբեր ընդդիմադիր ուժերի, այդ թվում Կոնգրեսի տեղի կառույցների կողմից իսկապես այդպիսի աջակցություն ցուցաբերվել է, ապա դա կարելի է միայն ողջունել, որովհետեւ ռեժիմի դեմ անհավասար պայքարում հաջողության հասնելու համար, իմ կարծիքով, ցանկացած ընտրություններում, սեփական թեկնածու չունենալու պարագայում, երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերը, որպես սկզբունք, պետք է աջակցեն իշխանական թեկնածուի մրցակցին, անկախ վերջինիս կուսակցական պատկանելությունից։


Իսկ այժմ ուզում եմ բացահայտել մի փոքրիկ գաղտնիք՝ հավատարիմ մնալով բաց քաղաքականություն վարելու եւ հասարակությունից ոչինչ չթաքցնելու Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած սկզբունքին։ Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը։ Ներքոշարադրյալն, ըստ այդմ, ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետեւաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը։

Իմ ելակետն այս հարցում հետեւյալն է. Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել։ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Արդարությունը, սակայն, պահանջում է նշել, որ նման զարգացում ժամանակին գուշակել էր քաղաքագետներից միայն մեկը՝ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, իրադարձությունների զարգացման տեսակետից, ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի Հանրապետականների եւ Բարգավաճի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե Բարգավաճ Հայաստանը հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ Բարգավաճ Հայաստանն իր դեմքն իսպառ կկորցնի նաեւ այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ Բարգավաճի համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա։

Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար։
Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ եմ համարում ավելացնել, որ սա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել։ Շահարկման մի այլ առիթ կարող է դառնալ եւ արդեն իսկ դարձել է այն, որ Կոնգրեսը թեկուզ տեսականորեն հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել։ Քաղաքականության այբուբենին ծանոթ որեւէ մեկը, սակայն, այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ։ Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի։ Ուրիշ բան, եթե մեր ընդդիմախոսները բացեիբաց հայտարարեն, որ գերխնդիրը սխալ է, եւ ամենեւին հարկ չկա ազատվելու քոչարյանա-սերժական վարչախմբից։ Այլապես, իրենց անհասկանալի պահվածքով, նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին։

Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ կերպով ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար։ Իշխանության եւ օլիգարխիայի հարաբերություններին ես հանգամանորեն անդրադարձել եմ իմ ելույթներից մեկում (15.10.2010), մասնավորապես նշելով հետեւյալը. «Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրե՛ք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ»։ Ըստ այդմ, պետք է տարբերակված լինի նաեւ իշխանափոխությունից եւ օրենքի գերակայության հաստատումից հետո կոռումպացված իշխանավորների եւ օրինախախտ գործարարների նկատմամբ կիրառվելիք քաղաքականությունը։ Ինչպես նշել եմ նույն ելույթում, «Պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ»։

* * *
Վերջում չեմ կարող չանդրադառնալ մի թյուրիմացության, որը համառորեն տարածվում է որոշ քաղաքագետների ու լրատվամիջոցների կողմից, եւ որի աղբյուրը նախորդ հանրահավաքի իմ ելույթում հնչած հետեւյալ խոսքերն են. «Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը» (28.10.2011)։ Որքա՞ն անուղղամիտ պետք է լինել այս պարզ շարադրանքից եզրակացնելու համար, այն էլ մի ահավոր դավադրություն բացահայտածի հրճվանքով, թե իբր Կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից եւ որոշել է գնալ հերթական ընտրությունների։ Այնինչ ասվածի իմաստը չափազանց հստակ է, եւ նրանում դավադրություն կամ կրիմինալ փնտրելու միտքը որեւէ առողջ ուղեղում հազիվ թե կարող է տեղավորվել։ Թեեւ դժվար է ավելի հստակ արտահայտվել, բայց հետագա նմանօրինակ ընկալումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, փորձեմ։ Երեքուկես տարի շարունակ մենք, այո՛, բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այսուհետեւ եւս մենք, նույն համառությամբ ու հետեւողականությամբ, շարունակելու ենք ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար, որովհետեւ համարում ենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները ոչ միայն ամենեւին չեն սպառվել, այլեւ, իշխանական ճամբարում առաջացած երկպառակությունների եւ սկանդալային պաշտոնանկությունների հետեւանքով, ավելի են մեծացել։
Բայց եթե, հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան, ինչը, ռեալիստ լինելով, հասկանում ենք, որ բացառված չէ, ապա մենք, բնականաբար, որպես ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, իրավունք չունենք չմասնակցել հերթական ընտրություններին։ Ահա եւ ձեզ՝ ողջ դավադրությունն ու կրիմինալը։

Հայ Ազգային Կոնգրեսը երեքուկես տարի շարունակ եղել եւ այսօր էլ մնում է երկրի քաղաքական կյանքում դրական տեղաշարժերի խթանման գլխավոր, եթե ոչ միակ, գործոնը։ Չունենալով իշխանական որեւէ լծակ, զուտ քաղաքական պայքարի ու ժողովրդական ճնշման միջոցներով, նա կարողացել է իշխանություններին հարկադրել կատարելու օգտակար որոշ քայլեր, որոնք ոչ մի այլ պարագայում նրանք չէին կատարի։ Հիշենք, թեկուզ, քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնման եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ տրված պաշտոնական հավաստիացման փաստերը։ Կոնգրեսի մշակած տնտեսական ծրագրի որոշ կարեւոր առաջարկներ լռելյայն տեղ են գտել կառավարության ծրագրերում եւ օրենսդրական նախաձեռնություններում։ Կոնգրեսի համառ հարցապնդումներից հետո իշխանամետ ուժերի ներկայացուցիչները վերջապես սկսել են խոսել Ազգային Ժողովում գործարար-պատգամավորների առկայության անթույլատրելիության մասին (թեեւ ինչու այդ հարցն, ըստ նրանց, պետք է լուծվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, անհասկանալի է)։ Կոնգրեսի կողմից կազմակերպված հոկտեմբերյան շուրջօրյա նստացույց-հանրահավաքի եւ մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի միջոցառումների ճնշման տակ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հարկադրված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը եւ խիստ պահանջներ դնելու Հայաստանի իշխանությունների առջեւ, եւս մեկ անգամ ցույց տալով միջազգային կազմակերպությունների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվության աստիճանից։ Կոնգրեսի հետեւողական մերկացումների ու բացահայտումների շնորհիվ միջազգային հանրությունն ընդհանրապես վերջերս զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը եւ ավելի լուրջ մտահոգություններ է արտահայտում մեր երկրում մոլեգնող կոռուպցիայի, օրենքի գերակայության բացակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին։ Կոնգրեսի ակտիվ գործունեության հետեւանքով բարձրացել է ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը, եւ մեծացել ժողովրդավարության կայացման անհրաժեշտության նկատմամբ վերջինիս պահանջարկը։ Դա հաստատվում է, մասնավորապես, «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի» վերջին զեկույցներից մեկով, որի համաձայն՝ 2006 թվականից հետո ժողովրդավարության կողմնակիցների թիվը Հայաստանում աճել է 28%-ով եւ հասել 80%-ի, մեր երկիրն այդ ցուցանիշով դասելով աշխարհի ամենաառաջատար երկրների շարքը («ՉԻ». 17.11.2011)։ Եթե կուզեք, աղմկահարույց պաշտոնանկություններն ու իշխանական ճամբարում առաջացած հակասությունները եւս մեծապես արդյունք են Կոնգրեսի գործոնի առկայության։ Եթե Կոնգրեսը չլիներ, ապա ո՛չ այդպիսի պաշտոնանկություններ, ո՛չ էլ իշխանական ճամբարում խաղեր տվողներ կլինեին։ Ինչպես նշված է մամուլի հրապարակումներից մեկում, այդ ցնցումներն իսկապես «համաժողովրդական շարժման գոյության եւ հարվածների արդյունք են» («ՀԱԿ» թռուցիկ-թերթոն, նոյեմբեր, 2011)։ Հավատացնում եմ, Կոնգրեսի՝ որպես երկրի քաղաքական կյանքում վճռորոշ դերակատարություն ունեցող գործոնի, վերը տրված գնահատականը շատ ավելի համեստ է, քան իրականում կա։

Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության եւ ժողովրդական զանգվածների գերհամախմբման կիզակետը դառնալու են առաջիկա փետրվար-մարտ ամիսները։ Այս պնդումը, կամ եթե կուզեք, համոզումը հիմնված է ոչ միայն ավազակապետության ներքին ցնցումների տենդենցի խորացման, աղմկահարույց պաշտոնանկությունների շարունակման անխուսափելիության եւ նախընտրական փուլին բնորոշ իրավիճակային ակտիվացման, այլ նաեւ այն ապացուցված իրողության վրա, որ Հայաստանում քաղաքական կյանքի ամենաբուռն շրջանը միշտ էլ եղել է գարունը, ինչը, բացի սեզոնային գործոններից, պայմանավորված է նաեւ որոշ սոցիալական հանգամանքներով, որոնք, բոլորիդ հայտնի լինելով, ավելորդ եմ համարում մանրամասնել։ Մինչեւ գարուն, ինչպես նախորդ հանրահավաքում ասվեց, Կոնգրեսն իր ջանքերը կենտրոնացնելու է գլխավորապես մարզերում տարվող աշխատանքի եւ տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա, եւ այդ գործն արդեն իսկ ընթացքի մեջ է։ Նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները (իսկ այս ձմեռն, ըստ երեւույթին, խիստ է լինելու), հաջորդ հանրահավաքը, բնականաբար, տեղի կունենա փետրվարին։ Նրա անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ։ Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ։

Մաղթում եմ՝ լավ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, ձեզ ցանկանալով ամենայն բարիք։ 2012 թվականը թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման եւ ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան»։



http://muradyansahak.blogspot.com/2011/11/25112011.html

29 нояб. 2011 г.

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ













Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:


Մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում էական փոփոխություն է կրել: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքում, հենց այս հարթակից Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության ներսում խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց: Այդ օրը մենք Երեւանի փողոցներով երթ անցկացրինք «Ալիկ խուլիգան» վանկարկումներով: Եւ դրանից ընդամենը չորս օր հետո խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ասում եմ խայտառակ կերպով, որովհետեւ նա իր պաշտոնանկության մասին իմացել էր լրագրողներից:


Ու սա այն մարդն է, որ բանտերը նետեց ընդդիմության տասնյակ ակտիվիստների` Սամսոն Խաչատրյանին, Վարդգես Գասպարիին, Դավիթ Քիրամիջյանին, Վահագն Գեւորգյանին Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, լրագրող Անի Գեւորգյանին: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր էլ գտնվում է անազատության մեջ:


Ալիկ Սարգսյանը հույս ուներ, թե իր հանցագործ ղեկավար Սերժիկ Սարգսյանին այս պիղծ ծառայությունները մատուցելով նրա երախտիքին է արժանանալու, մինչդեռ ընդամենը արժանացավ նրան, ինչին արժանի էր իրականում, օգտագործվեց եւ դեն շպրտվեց, չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք:


Ու սա այն մարդն էր, որ երեքուկես տարի ամենալկտի վայրահաչոցներով հարձակումներ է գործել ընդդիմադիրների եւ քաղաքացիական ակտիվիստների վրա, հոխորտալով, թե Հայաստանում թույլ չի տալու ղրղզական տարբերակով զարգացումներ: Քո ղեկավարն իսկ քեզ ղըրղզեց, ա´յ թշվառական, բայց նույնիսկ հիմա չկասկածես, որ քո ղեկավարին էլ են ղըրղզելու, քո ղեկավարին էլ են ղրղզելու, եւ դա անելու է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որ զզվել է ձեր անբարո կառավարումից, ձեր բութ ու շատակեր մռութներից, ձեր մարտնչող ու ինքնահավան տգիտությունից:


Բա վարչապետ կոչվա~ծը, բա վարչապետ կոչվա~ծը. դուք տեսա՞ք այդ խեղկատակին: Լափել էր ու լակել, եւ ապուշ ժպիտով հայտնվել սեփական ժողովրդի առաջ` նրան շնորհավորելու ինչ-որ մտացածին տոնի կըպըկցո´ւթյամբ:


Ով կարող է ժխտել, ո՞վ կարող է ժխտել. սերժանտական հանցագործ իշխանությունը հաջողություններ ունի, ակնհայտ հաջողություններ` հիմարության ոլոլորտում, տգիտության ոլոլորտում,արտագաղթի ոլոլորտում, կոռուպցիայի ոլոլորտում, երկիրը խայտառակելու ոլոլորտում,ապօրինության ոլոլորտում, մարդկանց թալանելու եւ հուսահատության հասցնելու ոլոլորտում եւ այս ոլոլորտներում նրանց ունեցած հաջողություններն են, որ Հայաստանի Հանրապետության մի սովորական քաղաքացու, չորս երեխաների հորը, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Վաչագան Իսոյանին ստիպել են որպես բողոքի նշան իր «Գազ-2410» ավտոմեքենան քշել նախագահական նստավայրի վրա: Ու փոխանակ այս մարդուց ներողություն խնդրեն նրան հուսահատության հասցնելու, երազանքները խաթարելու, ապագայից ու հույսից զրկելու համար, բանտարկել են նրան, հետապնդում եւ ահաբեկում են նրա ողջ ցեղը, ազգուտակին, հարազատներին: Դա անում են ոչ թե նրանց, այլ նրանց օրինակով ուրիշներին, մեզ բոլորիս վախեցնելու համար: Բայց մեզ չեք վախեցնի, մեզ չեք կանգնեցնի: Մի տնից չենք, մի հալի ենք: Մենք բոլորս Վաչագան Իսոյաններ ենք եւ մենք գալու ենք ձեր ետեւից, բոլորով ենք գալու, միասին ենք գալու եւ այս սցենարը կանխելու մի եղանակ ունեք միայն, մի եղանակ. խելք ունեցիր, ուղեղ ունեցիր` հեռացիր եւ հետդ հեռացրու քո քաղաքական պապա Ռոբիկին, որովհետեւ եթե չգնացիք, ժողովուրդը գալու է ձեր հետեւից: Ձեր տասնամյա չակերտավոր հաջողությունները թող չշփոթեցնեն ձեզ: 2008-ին էլ չէիք հավատում, հիմա էլ չեք հավատում, բայց ես վստահ եմ, գիտեմ եւ համոզված եմ. ժողովուրդը գալու է ձեր հետեւից, ու այն ժամանակ մկան ծակին տասը շահի եք տալու, բայց չեք գտնելու, որովհետեւ Մուկը փակած է լինելու բոլոր ծակերը, ձեր նահանջի բոլոր ծակերը:


Սերժիկ-հեռացիր:


Ի դեպ, Մկան մասին: Մեր նախորդ հանրահավաքից հինգ օր հետո իր հրաժարականի մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նման պաշտոնանկության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի վստահել իր շտաբի երբեմնի պետին, եւ կասկածներ է ունեցել, թե նա Քոչարյանի հետ դավադրություն է պատրաստում իր իշխանության դեմ: Սերժ Սարգսյանը սկսել է չվստահել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, եւ պաշտոնանկ է արել հարազատ փեսային` Միքայել Մինասյանին, որ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իրականում նախագահական նստավայրի ստվերային կարդինալ:


Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.


Սերժ Սարգսյանը կատարյալ պարանոյայի մեջ է, եւ սրանում զարմանալի ոչինչ չկա: Ժողովրդական առածն ասում է` գող, սիրտը դող: Եթե դողում է նույնիսկ հարեւանից մի ձու գողացած մարդու սիրտը, պատկերացրեք, թե ինչ վիճակում կլինի մի ամբողջ ժողովրդի ձայնը, մի ամբողջ ժողովրդի իշխանությունը, մի ամբողջ ժողովրդի հույսերն ու ապագան գողացած հանցագործը:


Դողէրոցքի պակաս ուժգին նոպայի մեջ չէ մեկ այլ իշխանագող ու հանցագործ, Ռոբիկ կոչվածը: Նա էլ հասկանում է, որ Սերժ Սարգսյանը օր օրի վեր է ածվում իր նման քաղաքական դիակի եւ խառնվել է, մտածելով, թե ինչ է լինելու դրանից հետո, ինչ է լինելու իր գողացած միլիարդավոր դոլարների հետ, ով եւ ինչպես է տալու իր թափած արյան պատասխանը: Եւ հիմա հոլովակներ ու սյուժեներ են պատրաստում, թե իբր Հայաստանի ժողովուրդը պահանջում է, որ նա` Հայաստանին հոկտեմբերի 27 եւ Մարտի մեկ նվիրած այդ հանցագործը վերադառնա քաղաքականություն, վերադառնա իշխանության:


Սրանք բոլորովին թռցրել են խելքները. նույնիսկ եթե մտածում են, նույնիսկ եթե մտածում են, որ մեր ժողովուրդը 5 հազար, կամ 20 հազար դրամով կարող է ծախել սեփական ձայնը, սեփական քվեն, բայց այդ ո՞նց կարող են մտածել, թե մեր ժողովուրդը 5 հազար, կամ 10 հազար, կամ 20 հազար կամ որեւէ դրամով կարող է ծախել Կարեն Դեմիրճյանի արյունը, Վազգեն Սարգսյանի արյունը, Պողոս Պողոսյանի արյունը, Գոռ Քլո­յա­նի արյունը, Տիգ­րան Խա­չատ­րյա­նի արյունը, Դա­վիթ Պետ­րո­սյա­նի արյունը, Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նի արյունը, Գրի­գոր Գեւոր­գյա­նի արյունը, Ար­մեն Ֆար­մա­նյա­նի արյունը, Տիգ­րան Աբ­գա­րյա­նի արյունը, Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի արյունը, Համ­լետ ­Թա­դեւո­սյա­նի արյունը, Զա­քար Հով­հան­նի­ս­յա­նի արյունը: Մեր ժողովուրդը սոցիալական բեռի տակ ճկռած, հուսահատ ու գլխիկոր շատ սխալներ կարող է գործել, շատ գայթակղությունների կարող է տրվել, բայց արյունապիղծ չի դառնա երբեք: Բայց արյունապիղծ չի դառնա երբեք:


Խելքներդ գլուխներդ հավաքեք պարոնայք ռոբիկականներ. սա Երեւանն է, Հայաստանի Հանրապետությանը մայրաքաղաքը, սա Դաշքեսանը չէ, ու ոչ էլ առավելեւս Կիրովաբադը կամ Ղուբաթլին:


Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:


Մեր երկիրը իսկապես չափազանց բարդ տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական վիճակում է: Սա նշանակում է, որ բարդ վիճակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության ապագան: Այս վիճակը հաղթահարելը մեզ համար ցանկություն չէ այլեւս, ոչ էլ քմհահաճույք: Մենք պարտք ունենք եւ պարտավորություն, եւ այդ պարտավորությունը մեզանից պահանջում է մտքի, ոգու, կամքի եւ սիրո աննախադեպ կենտրոնացում: Ոչ մի հուսահատություն, ոչ մի խռովկանություն, ոչ մի փնթփնթոց, ոչ մի անձնական ամբիցիա: Ոչ մի կասկած, ոչ մի երկմտություն: Այլ նվիրում, նվիրում, միայն նվիրում: Ծառայություն, ծառայություն միայն ծառայություն: Ապագային, Հայաստանին, Սահմանադրությանը, Ժողովրդին:




Հանցագործ ոստիկաններ


Հանցագործ ոստիկաններ 2

Երևանի փոխվոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Կենտրոն համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնում են բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին

Flash Mob - ՀԱԿ երիտասարդներ

ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՎՃԱՐԵԼ ԵՒՍ 101 ՄԻԼԻԱՐԴ: ՀԱԿ թերթոն


ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՎՃԱՐԵԼ ԵՒՍ 101 ՄԻԼԻԱՐԴ: ՀԱԿ թերթոն


Կառավարությունը որոշել է 2012 թ. պետական բյուջեում հավաքագրել լրացուցիչ 101 միլիարդ դրամ։ Լայն քննարկման առարկա է դարձել, թե որտեղից է հավաքվելու այդ լրացուցիչ գումարը՝ դա համարելով շատ մեծ թիվ։ Ոմանք համարում են, թե հարկային այդ բեռը դրվելու է խոշոր օլիգարխների վրա՝ կրճատելով «ստվերը», ոմանք՝ փոքր ու միջին բիզնեսի։
Իրականում Հայաստանում բյուջեի հավաքման ռեսուրսները շատ ու շատ անգամ ավելի մեծ են, քան 101 միլիարդ դրամը։ Դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ին, իր առաջին հանրահավաքային ելույթում, որ վերնագրված էր «Ավազակապետության անատոմիան և մեխանիկան», ՀՀ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրականում մեր երկրում ստվերային տնտեսություն չկա։ Ստվերայինը այն տնտեսությունն է, որը դուրս է մնում պետական մամինների տեսադաշտից։ Հայաստանում ամեն ինչ, մինչև վերջին մանրավաճառի դրամական շրջանառությունը, հայտնի է պետությանը։ Հայաստանում կա ստվերային բյուջե, այսինքն՝ «...համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից»։
Ահա այդ թալանը, պետական ռեկետը վերացնելը Հայաստանի բյուջեն կարող է ոչ թե 101 միլիարդով ավելացնել, այլ կրկնապատկել։ Բայց դա կնշանակի ավազակապետության կազմաքանդում կամ ներկա իշխանության ինքնասպանություն։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, միակ բանը, որ Հայաստանում իրոք աճում է, դա թալանն է ու կողոպուտը։ Ուստիեւ ճիշտ են այն տնտեսագետ մասնագետները, ովքեր համարում են, որ հիշյալ 101 միլիարդը ևս, ինչպիսի օրենսդրական փոփոխություններով էլ այն հիմնավորվի, հավաքվելու է մեզնից յուրաքանչյուրից՝ հիմնականում գների բարձրացման մեխանիզմով։
 Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011

ՀԱՐԲԱԾ ՎԱՐՉԱՊԵՏ: ՀԱԿ թերթոն


«Հայկական աշխարհի» հեքիաթային ծրագրեր գծող, Ջերմուկը, Դիլիջանը, Գյումրին համաշխարհային ինչ-որ կենտրոններ դարձնող, լուրջ դեմքով տնտեսական հրաշքներ խոստացող վարչապետ Տ. Սարգսյանը մի քանի օր առաջ տարածված տեսանյութում հասարակությանը ներկայացավ իր բնական «լուլ» վիճակում։ Հանրային վայրում այդ վիճակում հայտնվելը պետական պաշտոնյայի համար պարզ խայտառակություն չէ միայն։ Դա քամահրական ու արհամարհական վերաբերմունք է շրջապատի, զբաղեցրած բարձր պաշտոնի եւ ողջ ժողովրդի նկատմամբ։ Ստորեւ այդ տեսանյութի նկարագրությունը՝ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի (12.11.2011)։
«Երեկ երեկոյան խայտառակ կադրեր են հայտնվել «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքում և youtube-ում, որոնց գլխավոր հերոսը վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Դա մի հեռուստառեպորտաժ է, որը պատմում է նոյեմբերի 10-ին երիտասարդության օրվա առթիվ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Թաթա Սիմոնյանի համերգի մասին, որը կազմակերպել էր ՀՀԿ-ն, և որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ։ Ռեպորտաժի վերջում ասվում է, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչին հետեւում է վարչապետի ուղիղ խոսքը։ Այդ կադրերը, թերեւս, տարընթերցման տեղ չեն թողնում. վարչապետը ակնհայտորեն գտնվում է ալկոհոլի կամ այլ բանի ազդեցության տակ։ Նրա լեզուն փաթ է ընկնում, խոսելիս աչքերը կուլ են գնում, ձեռքերը կախ ընկած են, չի կարողանում ճիշտ արտաբերել բառերի վերջավորությունները։ Կադրերի դիտումը տարակուսանք ու խղճահարություն է առաջացնում։ Տարակուսանք, որ որեւէ երկրի վարչապետ կարող է նման խայտառակ վիճակում հատնվել հանրության առաջ, և խղճահարություն, որ մարդը չի գիտակցում, որ նման վիճակում չի կարելի կանգնել տասը հազար մարդու և տեսախցիկների առաջ։ Նաև նրա կողքին չի եղել մեկը, որն ուղղակի կանխարգելեր իրադարձությունների նման ընթացքը»։ 
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011
http://www.youtube.com/watch?v=HZ3UUm5m-18

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՀԱԿ թերթոն


Լ. Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթներից մեկում ազդարարեց, որ շուտով կլինեն աղմկոտպաշտոնանկություններ՝ որպես հետեւանք իշխանական բուրգում հակասությունների սրման ու ճաքերի գոյացման։ Դրանք իրենց երկար սպասել չտվեցին։
Ահա այդ պաշտոնանկությունները՝ շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններով։
Կարեն Կարապետյան - Նախագահի աշխատակազմի ղեկավար. Ռուսաստանում հայտնի մեծահարուստ «Կալուգայի Սամոյի» եղբոր պաշտոնանկությունը մեկնաբանվում է որպես «Լուժկովի գործի» շրջանակներում Մոսկվայից իջած պահանջ, մյուս կողմից՝ որպես Ռ. Քոչարյանի թիմի անդամի հեռացում։
Կարեն Կարապետյան - Երեւանի քաղաքապետ. սրա պաշտոնանկությունը, ընդհակառակը, մեկնաբանվել է որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, և դարձյալ՝ Ռ. Քոչարյանի թուլացման նպատակով։
Ալիկ Սարգսյան – ՀՀ ոստիկանապետ. մեկանբանվեց, թե դա արդյունք է Հովիկ Աբրահամյանի տանը դավադիր մի հավաքի (որին մասնակցել է նաև ոստիկանապետը) գաղտնի ձայնագրության, որ կատարել է Վովա Գասպարյանը և ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Այդ ծառայության համար էլ Վ. Գասպարյանը արժանացավ իր «զոհի» պաշտոնին։
Հովիկ Աբրահամյան –ԱԺ նախագահ. եթե իրական է վերոհիշյալ գաղտնի հավաքը ու դրա ձայնագրությունը, այն կարող էր հիմք լինել նաև այս պաշտոնանկության համար։ Հայտարարվեց, թե նրան ուղարկում են «ավելի պատասխանատու» պաշտոնի՝ գլխավորելու ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբը։
Միքայել Մինասյան – Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (Ս. Սարգսյանի հարազատ փեսան). պաշտոնապես հայտարարվեց, թե սա էլ նշանակվում է նույն՝ ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Մեկնաբանվեց, թե Ս. Սարգսյանը հարազատ փեսային ուղարկում է վերահսկելու Հ. Աբրահամյանին։ Ոմանք էլ դա մեկնաբանեցին որպես ռուսական պահանջի կատարում (Մ. Մինասյանն իր շուրջ հավաքված ՄԻԱԿ-ական ջահելներով հայտնի է որպես ամերիկյան ազդեցության ոլորտ)։
Որքան էլ իշխանական լրատվամիջոցները՝ բացահայտ, իսկ «չեզոք» համարվողները՝ քողարկված  մեկնաբանություններ անեն հօգուտ Ս. Սագսյանի, իրականությունը հետեւյալն է.
1.      Այս ամենում Ռ. Քոչարյանի անվան հիշատակումը ոչ մի հիմք չունի։ Վերջինս, իրոք, քաղաքական ասպարեզում վաղուց մարած խաղաքարտ է, և դա տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բացահայտումների ու աշխատանքի շնորհիվ։ Միայն Հաագայի դատարան ուղարկված 400 էջանոց քրեական գործը՝ «մարդկության դեմ հանցագործության» ծանրագույն մեղադրանքով ու հարյուր հազարավոր ստորագրություններով, բավարար է նրան ընդհանրապես որպես քաղաքական գործոն մոռանալու համար։ Նրա անվան հիշատակումները ցանկացած կոնտեքստում հասարակական հոգեբանության վրա հօգուտ Ս. Սարգսյանիազդելու նպատակ ունեն՝ որպես ամենամեծ չարիքի դեմ պայքարողի։
2.      «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից մեկը, Հայաստանի ավազակապետական բուրգը երկբեւեռ (Քոչարյան և Ս.Սարգսյան) բնորոշելուց հետո՝ նաև ավելացնում է, թե ի դեմս Հ. Աբրահամյանի՝ սկսել է ձեւավորվել նաև 3-րդ ինքնուրույն բեւեռը՝ նկատի ունենալով վերջինիս ազդեցությունն ու աճող հարստությունը։ Ավազակապետական բուրգը չի կարող անգամ երկբեւեռ լինել, ուր մնաց՝ երեք բեւեռով։ Ինքնուրույթ բեւեռ՝ նշանակում է ինքնուրույն «խաղ»։ «Ինքնուրույն խաղ»՝ նշանակում է իշխանական մոնոլիտի մեջ ճեղքի գոյացում՝ մահացու վտանգ ավազակապետության պարագլխի համար։ Ս. Սարգսյանը պարզապես պատժեց Հ. Աբրահամյանին՝ «ինքնուրույն խաղեր» տալու համար։
3.      Վաղուց հայտնի է, որ ներիշխանական հակասություններից են Միքայել Մինասյանի և վարչապետ Տ. Սարգսյանի հակասությունները։ Չնայած աներոջ բազմաթիվ հորդորներին ու պահանջներին՝ «առաջին փեսա» Մ. Մինասյանը շարունակել է «ինքնուրույն խաղեր տալ»։ Ու քանի որ դա, ինչպես ասացինք, ամենավտանգավորն է ավազակապետության համար, Ս. Սարգսյանը չխնայեց անգամ հարազատ փեսային և աքսորեց նույն տեղը՝ գոյություն չունեցող ՀՀԿ նախընտրական շտաբ։ Սակայն վերջինիս համար դա էլ դաս չեղավ. վերջերս Մ. Մինասյանի վերահսկողության տակ գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության կայքէջում (բնականաբար՝ նրա թելադրանքով) հայտնվեց և արագ տարածվեց Թաթայի համերգի ժամանակ Տ. Սարգսյանի մի ելույթը խայտառակ հարբած վիճակում («Պեպոյի» Կակուլին կասեր՝ «մալադե՛ց փեսա»)։
4.      Իր գլխավորած իշխանական համակարգի ամրության նկատմամբ անվստահության ամենաբնորոշ արտահայտություններից մեկն այն է, որ Ս. Սարգսյանը տարեկան երկու անգամ հավատարմության հավաստագիր է ուզում «Բարգավաճ Հայաստանից»։ Վերջինիս ղեկավարն էլ (ըստ տեղեկությունների) արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ինքը երբեք «Արթուրիկ» կամ «ԱԽՔ» չի դառնա։ Եւ իրոք. իրեն գեթ մի քիչ հարգող որեւէ մեկը հազիվ թե ցանկանա արժանանալ նման խարանի։
5.      Որ իշխանության ներսում Ս. Սարգսյանն ամբողջական վերահսկողություն չունի՝ վկայում է նաև հետեւյալ փաստը. անկախ այն բանից, թե որքանով անկեղծ՝ վերջերս նա հայտարարեց, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»։ Եւ, ահա, նրա պատգամավորներից մեկն ասում է, թե համաձայն է, մյուսը՝ թե համաձայն է մասնակի, դա պետք է արվի աստիճանաբար, մեկն էլ ուղղակի հակադրվում է՝ «գործարարը պետք է լինի խորհրդարանում»։
6.      Ոմանք Ս. Սարգսյանի կատարած այս պաշտոնանկությունները որպես նրա կողմից ուժի, վճռականության, ինքնավստահության ցուցադրում են ներկայացնում։ Այդ դեպքում ստացվում է, որ նա սեփական թիմին փորձում է միասնական, հնազանդ պահել ճիպոտո՞վ։ Իրականությունն այլ է։ Բացի երկու Կարեն Կարապետյաններից, մյուսներին նա «գործ տվեց». ոստիկանապետը դարձավ Ս. Սարգսյանի խորհրդական (այսինքն՝ ուղարկվեց պատվավոր թոշակի), ԱԺ նախագահը՝ ՀՀԿ դեռ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ (պատվավոր աքսոր), իսկ Մ. Մինասյանը՝ վերջինիս տեղակալ։ Եւ դա միայն մի բանի համար՝ որպեսզի հնարավորինս քողարկի իշխանական բուրգում առաջացած ճեղքերը։
Այս ամենը իշխանական բուրգի խարխլման, նրա ներսում խոր և անկառավարելի դարձող հակասությունների, ցնցումների ապացույց է։ Իսկ այդ ցնցումները համաժողովրդական շարժման գոյության եւ հարվածների արդյունք են։ Այնպես որ՝ սպասենք նոր պաշտոնանկությունների եւ հրաժարականների ու չկասկածենք, որ համաժողովրդական շարժումը հասնելու է Ս. Սարգսյանի հրաժարականին կամ պաշտոնանկությանը։
 Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՄՅԱՆԻ: ՀԱԿ թերթոն


Համաժողովրդական շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի քառամյա համառ պայքարը՝ արտահայտված հնգ տասնյակից ավելի հանրապետական և նույնքան տեղական ու նախընտրական հանրահավաքներով, հարյուրավոր ակցիաներով, ամենշաբաթյա պիկետներով, Հյուսիսային պողոտայում ապա Սարյանի պուրակում ամենօրյա «քաղաքական զբոսանքներով» մոտենում է իր տրամաբանական հաղթական ավարտին։ Ավազակապետական բուրգի ճաքերի ու խարխլման արտաքին առարկայական դրսեւորումները վերջին աղմկահարույց պաշտոնանկություններն են։ Ոմանք սկսել են լրջորեն խոսել Ս. Սարգսյանի հնարավոր մոտալուտ հրաժարականի մասին:

Խմբագրական
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՄՅԱՆԻ
2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների կեղծումից, մարտիմեկյանսպանդից, ռազմական հեղաշրջմամբ իշխանության յուրացումից անմիջապես հետո Հայ Ազգային Կոնգրեսը երկրի ներքաղաքական իրավիճակի շտկման միակ միջոցը համարել է օրինակարգ իշխանության հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը։ Դրա լավագույն ու անկորուստ ճանապարհը, բնականաբար, կարող էին լինել արտահերթ ընտրությունները, ինչին հասնելու խնդիրն էլ ամբողջ չորս տարի հետապնդել է Կոնգրեսը։
Դրա համար Կոնգրեսն արել է հնարավորառավելագույնը՝ օգտագործելով քաղաքական պայքարի բոլոր ձեւերն ու մեթոդները։ Լևոն Տեր-Պետրոսյանի տված այն գնահատականը, թե չորս տարվա այս պայքարն իր անընդհատությամբ, հագեցվածությամբ, համառությամբ ու տեւականությամբ իր զուգահեռը չունիաշխարհում, ոչ մեկը չհամարձակվեց ժխտել։ Իշխանությունն, իր հերթին, դրա դեմ խոչընդոտներ հարուցելու համար օգտագործել է ապօրինությունների իր ողջ զինանոցը՝ թույլ չտալու համար հասարակության առավելագույն համախմբումը։ Այդ գոտեմարտում Կոնգրեսը հասել է նրան, որ ստեղծել է քաղաքացիական հասարակության մի մեծ ու ամուր կորիզ և իր համակիրների հսկայական մի բանակ։ Իշխանությունըանհատական հետապնդումների, ճնշումների, ահաբեկումների, թալանի ու կողոպուտի միջոցով աշխատել է թանձրացնել վախի մթնոլորտը, սերմանել հուսահատություն, հիասթափություն, անելանելի վիճակ, խրախուսել է «դժգոհ տարրի» արտագաղթը՝ ըստ էության գործելով պետական դավաճանություն՝ իր հետեւանքներով սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանության հետ համեմատելի մի արարք։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը տեւած շուրջօրյա նստացույցով ու հանրահավաքներով Կոնգրեսը հասավ համաժողովրդական շարժման 2008թ. փետրվարի վերջին տասնօրյակում գրանցված կազմակերպական բարձրակետին։ Դրանով ջարդվեց (և առաջիկայում շատ արագ ի չիք կդառնա) հասարակության էական մի մասի մեջ նստած մարտիմեկյան վախի բարդույթը։ Շուրջօրյային հաջորդած հանրահավաքը (հոկտեմբերի 28-ին)աշնանային հանրահավաքների համար իր աննախադեպ մարդաշատությամբ ու էներգետիկայովարդեն իսկ դրա ապացույցներից մեկն էր։ Համենայնդեպս, այն, իրոք, շատ ավելի հզոր էր, քան ուղիղ չորս տարի առաջ՝ 2007թ. հւկտեմբերի 26-ին ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած առաջին հանրահավաքը, որ Շարժման սկիզբը հանդիսացավ։
Հայ Ազգային Կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, նաև ի սկզբանե հայտարարել է, որօրինակարգ իշխանություն հաստատելու և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով մասնակցելու է բոլոր կարեւոր ընտրական գործընթացներին։ Այդպես 2009թ. մայիսին նա մեծ թափով մասնակցեց Երեւանիքաղաքապետական ընտրություններին՝ այն դիտարկելով որպես կեղծված նախագահական ընտրությունների երկրորդ փուլ եւ իշխող վարչախմբից, ոչ օրինակարգ իշխանությունից ազատվելու իրական միջոց։ Ըստ այդմ՝ վերջին հանրահավաքում էլ հայտարարվեց, որ Կոնգրեսը շարունակելու է իր օրակարգում պահել Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը և ամեն ինչ անելու է արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Միաժամանակ հայտարարվեց, որ դրան զուգահեռ՝ Կոնգրեսը պատրաստ է լիակատար օգտագործել նաև սահմանադրական մյուս ճանապարհը, այն է՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելով՝ Ս. Սարգսյանին հեռացնել իշխանությունից՝ նրան պաշտոնանկ անելու միջոցով։ Մի կողմից՝ Կոնգրեսի աճող հնարավորությունները, մյուս կողմից՝ իշխանության ներսում խորացող ճգնաժամն ու ցուգցվանգայիներեւույթները հնարավոր են դարձնում «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի իրականացման երկու ճանապարհներն էլ։ 
 Խմբագրական
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011 

28 нояб. 2011 г.

Մինչ սեպտեմբեր…



Օգոստոսի 9-ին Տերյան փողոցում ոստիկանության լկտիությունը ցույց տվեց, որ հանցավոր իշխանությունները արդեն զգում են իրենց մոտալուտ վախճանը: Անգամ երկխոսության փուլում նրանք չկարողացան զսպել իրենց համար սովորական դարձած ավազակախմբի գործելաոճը:
Այս պայմաններում  իշխանության նման ագրեսիան տրամաբանական է, քանի որ երկխոսության մեկնարկը, որպես Կոնգրեսի եւ իշխանությունը գործարքի, կամ Կոնգրեսի կողմից ժողովրդին խաբելու միջոց ներկայացնելու իշխանական փորձը  ձախողվեց, եւ Կոնգրեսը հերթական անգամ ապացուցեց, որ  հետամուտ է իր պահանջների կատարմանը, մասնավորապես Հայաստանում օրինական իշխանությունների ձեւավորմանը:
Այսօր արդեն առաջացել են քաղաքացիական ընդվզման նոր օջախներ, որոնք նույնպես հայտ են ներկայացրել ավազակապետության տապալման գործում իրենց ներդրումն անելու: Դրան զուգահեռ աճում է լարվածությունը, վճռական գործողություններին հավանություն տվող մարդկանց թիվը կտրուկ շատանում է:
Ժողովրդին զսպող միակ գործոնը երկխոսությունն է:
Այս ամենը ավազակապետության պարագլուխներին այլնտրանք չի թողնում, քան վստահ լինել, որ երկխոսության միջոցով ժողովրդի պահանջը չկատարելու դեպքում  հանդիպելու են աշխարհում նախադեպը ունեցող, բայց իրենց համար աննախադեպ ժողովրդական ճնշման: Հետեվապես, նրանք փորձում են ճնշել ընդդիմությանը եւ սկսել են մեզնից` օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակստիվիստներից:
Ես ինձ իրավունք եմ վերապահում իմ եւ ձերբակալված իմ 6 ընկերների անունից հայտարարել, որ անկախ ոստիկանական լկտիություններից, անկախ մեզ ներկայացվող շինծու եւ ապօրինի մեղադրանքներից, անկախ մեր դեմ կիրառվող բռնության պարբերականությունից եւ ձեւից, պայքարելու ենք մինչեւ վերջ, անկախ այն բանից կլինի դա երկխոսության տրամաբանության մեջ, թե ոչ: Եւ ավազակապետության որեւէ  կամակատար սափրագլուխ, հանցագործ ոստիկանի, որեւէ դիմակավորի մտքով անգամ չանցնի, որ մեզ հնարավոր է ծնկի բերել կամ կասեցնել մեր պայքարը: Ավազակապետությունը պետք է մեկընդմիշտ հիշի, որ մենք` նոր Հայաստանի ազատատենչ քաղաքացիներս չենք հասկանում իրենց լեզուն, որուեհետեւ դա իրենց պատկերացրած Հայաստանի համար է: Ի դժբախտույուն հանցավոր իշխանությունների, մենք Հայաստանում գերակշռող մեծամասնություն ենք կազմում, ինչը նշանակում է, որ շատ շուտով այսօրվա Հայաստանը համապատասխանելու է մեր պատկերացրած ու մեր երազած,  Հայաստանին:

Հ.Գ. Մեզ հետ տեղի է ունեցել այն, ինչ ամեն օր տեղի է ունենում մյուս երիտասարդների եւ առհասարակ Հայաստանի քաղաքացիաների հետ: Կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն հասկացել, որ հաջորդը իրենք են, համախմբվել եւ լծվել  Հայաստնի ժողովրդի եւ Հայ ազգային կոնգրեսի պայքարին, ազատվելու համար ավազակապետությունից եւ մեկընդմիշտ բացառելու համար այն բոլոր լկտությունները, որ տեղի են ունենում այսօր: Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն պատրաստվել սեպտեմբերին, քանի որ սեպտեմբերին պատմական որոշում ենք կայացնելու:

Սարգիս Գևորգյան
10.08.2011

Արկածախնդիրներին և միտումնավոր շեղողներին




Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքից հետո ստեղծվել է ինձ համար անհասկանալի մի իրավիճակ: Օրինակ, այժմ կան մարդիկ, որոնք պնդում են թե Կոնգրեսը հաջողության կհասներ միայն այն դեպքում, եթե վերջին հանրահավաքում անցներ գործողությունների: Նախ, ինձ համար անհասկանալի է, թէ ինչպես կարելի է չնկատել Կոնգրեսի հաջողությունները(մյուս կողմից համոզված լինելով, որ նրանք, իրենց ասած գործողութունների ոչ սկիզբը գիտեն, ոչ էլ պատկերացնում են, թե ինչի դա կարող է բերել), եթե 3 տարի շարունակ վարչախմբի ամենալկտի ճանապարհներով Կոնգրեսը վերացնելու, ժողովրդի պայքարը ճնշելու փորձերը վերջնականապես ձախողվեցին, եւ ժողովրդի պայքարի արդյունքում մաշված վարչախումբը գնաց զիջումների:

Ուշադիր եղեք: Իշխանությունը չի զիջել ջարդարար, պահի ազդեցության տակ գործող ժողովրդի կամ ընդիմության առաջնորդների առաջ, այլ զիջել է հետևողական, համառ, համարձակ, համբերատար եւ երկարատև պայքար մղող, կազմակերպված ընդդիմության առաջ: Այսքանից հետո պնդել, թե Կոնգրեսի  հաջողության հասնելու հնարավորությունը ամսի 28-ին նստացույց կամ ջրբաժանի օր հայտարարելն էր, անհեթեթ է: Ես հիշում եմ, թե ինչ դժգոհության ալիք բարձրացավ, երբ իշխանությունները հայտարարեցին, որ մարտի 1-ի էջը փակված է: Այսօր կոնգրեսը հասավ նրան, որ իշխանությունները հրաժարվեցին իրենց հայտարարությունից եւ հավաստիացում տվեցին մարտի 1-ի գործը բացահայտելու հարցում :

Փաստացի, Սերժ Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը: Ես հիշում եմ Ազատության հրապարակի վերանվաճման համար մարդկանց պայքարը, բայց երբ իշխանությունը կատարեց այդ պահանջը մարդիկ սկսեցին ասել, թե  ի՞նչ հաղթանակ ենք տարել որ,  այսօր նստեինք  կհաղթեինք: Ցավալին այն է, որ դա ասում է նույն այն մարդը ,որը պատրաստ էր ամեն գնով մտնել Ազատության հրապարակ, քանզի դա իր համար այս փուլում համարում էր ամենամեծ ձեռքբերումը: Բայց ակնհայտ է, որ վերը նշվածները հաջողություններ եւ հաղթանակներ են: Հաղթանակներ են,  որոնք բերելու են վերջնական հաղթանակի՝ վարչախմբի նկատմամբ: Եւ ուրեմն,  գնահատելով մեր վերջին հաղթանակները, մենք իրավունք չունենք չհամբերելու, հուսահատվելու: Ի նչ զարգացում էլ որ լինի մայիսի 31-ին ,միևնույն է մենք պետք է լինեենք նույնքան համբերատար, նույնքան վճռական, որքան այս երեք տարիների ընթացքում:

Մայիսի 31-ը Որոշիչ օր է:Այդ օրը հանցագործ իշխանությունները ընտրելու են իրենց հեռանալու ճանապարհը:

Սարգիս Գևորգյան